ԵՐԵՎԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆ (2021թ․- սեպտեմբեր 13) — Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» («ՀԷՑ») փակ բաժնետիրական ընկերությունը ստորագրել են 35 միլիոն դոլարի գործարք` Հայաստանում, հատկապես մարզային շրջաններում, էլեկտրաէներգիայի բաշխիչ ցանցերի արդիականացման և էլեկտրաէներգիայի հուսալի մատակարարման ապահովման համար: 

Ֆինանսավորումը ներառում է ԱԶԲ-ի կողմից 20 մլն դոլարի չափով վարկ և Ասիայի առաջատար մասնավոր ենթակառուցվածքների հիմնադրամից (LEAP)՝ 15 մլն դոլար, որը կառավարվելու է ԱԶԲ-ի կողմից: 

 «Էներգաարդյունավետությունը և անվտանգությունը հիմնված են ենթակառուցվածքներում ուժեղ ներդրումների վրա: ԱԶԲ-ն շարունակում է աջակցել Հայաստանին այս նպատակին հասնելու համար՝ մասնավոր հատվածին տրամադրելով երկարաժամկետ ֆինանսավորում, որը, սովորաբար, հասանելի չէ», - ասել է ԱԶԲ-ի մասնավոր հատվածի գործառնական դեպարտամենտի ենթակառուցվածքների ֆինանսավորման բաժնի՝ Կենտրոնական, Արևմտյան և Հարավային Ասիայի գծով տնօրեն՝ Շանթանու Չակրաբորտին: «Ծրագիրը կֆինանսավորի «ՀԷՑ»-ի երկարաժամկետ ներդրումային ծրագրի երկրորդ փուլը, որի նպատակն է էլ ավելի ընդլայնել էլեկտրաէներգիայի հասանելիությունը Հայաստանի մարզերում»: 

«ՀԷՑ»-ի ներդրումային ծրագիրը մեկնարկել է 2016 թվականին։ 1-ին փուլը, որն ավելի վաղ ֆինանսավորվել էր ԱԶԲ-ի կողմից 80 մլն ԱՄՆ դոլարի վարկով, ավարտվել է 2020 թվականին և կենտրոնացած է եղել մայրաքաղաք Երևանի վրա: 2-րդ փուլը նպատակ ունի վերակառուցել բաշխիչ ցանցը, արդիականացնել ենթակայանների հնացած սարքավորումները, վերակառուցել մալուխային գծերը, վերանորոգել «ՀԷՑ»-ի օբյեկտները և տեղադրել միացումներ նոր հաճախորդների համար: Այն նաև կբարելավի էլեկտրաէներգիայի ավտոմատ հաշվառումը՝ «ՀԷՑ»-ին հնարավորություն ընձեռելով ճշգրիտ որոշել կորուստների ծավալը և նվազեցնել գործառնական ծախսերը:

ԱԶԲ-ի կողմից ներդրումը նաև կօգնի «ՀԷՑ»-ին մեղմել կլիմայի փոփոխության մարտահրավերների ազդեցությունը՝ միաժամանակ ամրապնդելով բնապահպանական, սոցիալական և տեխնիկական չափանիշները, ինչպես նաև կառավարման կարողությունները: «ՀԷՑ»-ը նաև կկենտրոնանա գենդերային հարցերի վրա՝ իր բիզնես գործունեության մեջ գենդերային հավասարության և ներառականության խթանման միջոցով։

«Այս ներդրումային ծրագրի արդյունավետ իրականացումն ուղղված է հաճախորդների սպասարկման որակի հետագա բարելավմանը, ինչը «Հայաստանի էլեկտրական ցանցերի» համար առաջնահերթություն է: Մենք ուրախ ենք, որ համագործակցում ենք Ասիական զարգացման բանկի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ այս ծրագրի երկրորդ փուլի վրա», - ասել է «ՀԷՑ»-ի գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանը:

«ՀԷՑ»-ը Հայաստանում սպասարկում է մոտ 1 մլն հաճախորդի 261 բաշխիչ կայանների և մոտ 32,000 կիլոմետր օդային բաշխիչ գծերի և ստորգետնյա մալուխների միջոցով: Ընկերությունը պատկանում է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ» փակ բաժնետիրական ընկերությանը և Liormand Holdings Limited-ին:

Ասիայի առաջատար մասնավոր ենթակառուցվածքների հիմնադրամը (LEAP) ստեղծվել է 2016 թվականին՝ Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության կողմից 1,5 մլրդ ԱՄՆ դոլար կապիտալ ներդրումով։ Այն կենտրոնանում է ԱԶԲ-ին անդամակցող՝ զարգացող երկրների մասնավոր հատվածում բարձր որակի և կայուն ենթակառուցվածքային նախագծերի իրականացման վրա:

ԱԶԲ-ն հանձնառու է Ասիայում և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ապահովել բարգավաճ, ներառական, ճկուն և կայուն վիճակ՝ միաժամանակ շարունակելով ծայրահեղ աղքատությունը արմատախիլ անելու իր ջանքերը: Բանկը հիմնադրվել է 1966 թվականին, այն պատկանում է 68 անդամների, որոնցից 49-ը այս տարածաշրջանից են։

Media Contact