ԵՐԵՎԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆ (28 նոյեմբերի, 2023թ.) — Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) նախագահ Մասացուգու Ասակավան այսօր Երևանում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում հաստատեց Հայաստանի երկարաժամկետ զարգացման նպատակների իրագործմանն աջակցելու հանձնառությունը:
«Մենք ոգևորությամբ պատրաստ ենք շարունակել աջակցել Հայաստանին` իր երկարաժամկետ զարգացման նպատակների իրագործման մեջ», - ասաց պարոն Ասակավան, որի համար սա կովկասյան այս պետություն կատարած առաջին այցն է: «Որպես ձեր վստահելի գործընկեր` ԱԶԲ-ն կսատարի Հայաստանի` արտահանումներին միտված, գիտելիքահենք և ներառական տնտեսության նպատակների ձեռքբերմանը: Մենք կանգնած ենք Կառավարության կողքին` օգնելու երկրի զարգացման հիմնական մարտահրավերների հաղթահարման գործում»:
Երկու ղեկավարները նաև ներկա գտնվեցին Երևանում ԱԶԲ-ի` Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի (ՍԱԲԾ) շրջանակներում վերանորոգված դպրոցի բացմանը: Ծրագրի նպատակը Հայաստանի ողջ տարածքում 46 դպրոցների վերանորոգումն է: Պարոն Ասակավան այցելեց ԱԶԲ-ի կողմից վերակառուցման ենթակա ևս մի դպրոց:
Եռօրյա այցի շրջանակներում ԱԶԲ նախագահը հանդիպումներ կունենա նախագահ Վահագն Խաչատրյանի, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ֆինանսների նախարար և ԱԶԲ կառավարիչ Վահե Հովհաննիսյանի հետ:
Պարոն Ասակավան ներկա կգտնվի սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի ներքո ֆինանսավորման երկրորդ տրանշի վարկային համաձայնագրի փոխանակմանը, ինչպես նաև 65.17 միլիոն ԱՄՆ դոլարի վարկային համաձայնագրի ստորագրմանը: Համաձայնագիրն ուղղված է քաղաքային միջավայրի բարեկարգմանը, ճանապարհային ցանցի ընդլայնմանը և մայրաքաղաքում կլիմայակայուն ենթակառուցվածքների զարգացմանը: «Երևանի քաղաքային զարգացման ներդրումային ծրագրի» ներքո կառուցվելիք նոր, 1.8 կմ երկարություն ունեցող ճանապարհը և կամուրջը կօգնեն նվազեցնել կուտակումներն ու խցացնումները քաղաքում ուղևորափոխադրումների և երթևեկության համար առանցքային նշանակություն ունեցող ճանապարհի երկայնքով:
Վաղը պարոն Ասակավան` ՀՀ կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների հետ միասին ներկա կգտնվի մի միջոցառման, որի նպատակը կլիմայի հարմարվողականության հայեցակերպը հարկաբյուջետային պլանավորման գործընթացներում ներառելու Հայաստանի հնարավորություններն ուսումնասիրելն է: Ընթացիկ և առաջիկա մարտահրավերների շուրջ հանրությանն ու շահակիցների լայն շրջանակների ներգրավումը կենսական նշանակություն ունի` ապահովելու պետական բյուջեներում կլիմայական ռիսկերի արտացոլումը: Որպես Ասիական և խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի կլիմայական մարտահրավերներով զբաղվող բանկ` ԱԶԲ-ն հանձնառու է սատարել Հայաստանում կլիմայի ազդեցության մեղմման և հարմարվողականության ծրագրերի իրականացմանը:
Ներկայումս ԱԶԲ-ն ֆինանսավորում է ընդամենը 525 միլիոն ԱՄՆ դոլար արժեքով վեց ենթակառուցվածքային ներդրումային ծրագրեր տրանսպորտի և քաղաքաշինական ոլորտներում: Այս նախաձեռնություններն օգնում են Հայաստանին արդյունավոր, ապահով և կայուն զարգացող ճանապարհային ցանց ձևավորել` սույնով բարելավելով միակցվածությունն ինչպես դեպի ծով ելք չունեցող երկրի ներսում, այնպես և միջազգայնորեն:
2005թ. Հայաստանի` ԱԶԲ-ին միանալուց ի վեր բանկն ավելի, քան 1.8 միլիարդ ԱՄՆ դոլար ֆինանսավորում է տրամադրել և դարձել է երկրի ամենախոշոր բազմակողմ զարգացման գործընկներից մեկը: Այս շրջանակում ներառված են տրանսպորտի, էներգետիկայի, ջրամատարարման և քաղաքային ենթակառուցվածքային ուղղություններ ունեցող ծրագրեր: Մասնավոր հատվածում ԱԶԲ-ն սատարում է կոմունալ ծառայությունների և ենթակառուցվածքային ընկերություններին, ֆինանսական հաստատություններին և ագրոբիզնեսներին:
ԱԶԲ-ն հանձնառու է հասնել բարգավաճ, ներառական, դիմակայուն և կայուն զարգացող Ասիական և խաղաղօվկիանոսյան տարածաշրջան ունենալու նպատակին` միևնույն ժամանակ շարունակելով ջանքեր գործադրել ծայրահեղ աղքատության հաղթահարման ուղղությամբ: 1966թ. հիմնադրված ԱԶԲ-ի սեփականատերերը դրա 68 անդամներն են, որոնցից 49-ը` տարածաշրջանից: