ՄԱՆԻԼԱ, ՖԻԼԻՊԻՆՆԵՐ (19 օգոստոսի, 2020թ․) — Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) նախագահ Մասացուգու Ասակավան և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր քննարկեցին նոր կորոնավիրուսային հիվանդության ազդեցությունը և Հայաստանում ԱԶԲ-ի գործունեությունը։

«COVID-19-ը ծանր ազդեցություն է թողել բոլոր երկրների, այդ թվում և Հայաստանի վրա, և շարունակում է աննախադեպ մարտահրավեր հանդիսանալ մարդկանց առողջության և տնտեսության համար», - ասել է պարոն Ասակավան։ «ԱԶԲ-ն շարունակում է լիովին հավատարիմ մնալ Հայաստանին աջակցելու իր հանձնառությանը այս դժվարին ժամանակներում և պատրաստ է, ըստ անհրաժեշտության, տրամադրել ֆինանսական օժանդաություն և խորհրդատվություն քաղաքականությունների մշակման գործընթացում»։

Պարոն Ասակավան գովեստի խոսքեր է հղել Կառավարությանը՝ երկրի առողջապահական համակարգի հզորացման, COVID-19-ի աճող դեպքերի կառավարման պատրաստականության և տնտեսության վրա ազդեցությունների կառավարման ուղղությամբ իրականացված արագ գործողությունների կապակցությամբ՝ այդ թվում անդրադառնալով ազդակիր տնտեսվարողների աջակցությանն ուղղված տնտեսական և սոցիալական խթանների փաթեթներին, գործազրկության նպաստների շահառուների ընդլայնմանը և խոցելի խմբերին ուղղված սոցիալական պաշտպանության հարցերին։

Պարոն Ասակավան և պարոն Փաշինյանը քննարկեցին Հայաստանին ուղղված ԱԶԲ ընթացիկ աջակցության պորտֆելը, այդ թվում՝ առողջապահության, կրթության, էներգետիկայի, տրանսպորտի, քաղաքաշինության և աղետների ռիսկերի նվազեցման ոլորտում իրականացվող ծրագրերը։ Նրանք նաև քննարկեցին երկրի մասնավոր հատվածում ներգրավվածության մեծացման հնարավորությունները, հատկապես՝ ենթակառուցվածքների և սոցիալական աջակցության գերակա ոլորտներում։

Պարոն Փաշինյանն արտահայտեց իր գնահատանքը ԱԶԲ-ի կողմից Հայաստանին տրվող ընթացիկ աջակցության համար։

Օգոստոսի 3-ին ԱԶԲ-ն հաստատել է Հայաստանին հատկացվող  2 միլիոն ԱՄՆ դոլար դրամաշնորհը «Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի աղետների ռիսկերին արձագանքման ֆոնդից»՝ Հայաստանի համար խիստ կարևոր անհատական պաշտպանիչ միջոցների և բժշկական պարագաների գնման համար։ Սա հավելվում է բժշկական սարքավորումների և պարագաների ձեռքբերման նպատակով նախկինում տրամադրված 500000 ԱՄՆ դոլար գումարին։ Այս ամիս ԱԶԲ-ն նաև հաստատել է դրամաշնորհային ֆինանսավորմամբ իրականացվելիք 750000 ԱՄՆ դոլար արժեքով տեխնիկական աջակցության ծրագիրը՝ սատարելու Հայաստանում հեռավար ուսուցման հարթակի ստեղծմանը։ Սա կօգնի ապահովել որակյալ և շարունակական կրթություն արտակարգ դրության և նորմալ կենսագործունեության պայմաններում։

Հունիսի 1-ին ԱԶԲ-ն ստորագրել է 20 միլիոն ԱՄՆ դոլարի վարկային համաձայնագիր «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության հետ շրջանառու կապիտալին աջակցության նպատակով՝ ապահովելու էներգիայի մատակարարումը, քանի դեռ երկիրը գտնվում է COVID-19-ի ազդեցության կառավարման փուլում։

ԱԶԲ-ն հանձնառու է բարգավաճող, ներառական, դիմակայուն և զարգացող Ասիա և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջան ունենալու գաղափարին՝ միևնույն ժամանակ շարունակելով ծայրահեղ աղքատության վերացմանն ուղղված իր ջանքերը։ ԱԶԲ-ն հիմնադրվել է 1966թ․ և պատկանում է 68 անդամների, որոնցից 49-ը տարածաշրջանից են։

Media Contact