ՄԱՆԻԼԱ, ՖԻԼԻՊԻՆՆԵՐ (2023 թվականի սեպտեմբերի 20) — Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) զեկույցի համաձայն՝ ակնկալվում է, որ Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում տնտեսական աճը կմնա հաստատուն, չնայած նրան, որ հեռանկարների նկատմամբ վտանգները մեծանում են։ 

Ըստ կանխատեսումների՝ տարածաշրջանի զարգացող տնտեսություններն այս տարի կունենան 4.7% աճ, ինչն այսօր լույս տեսած Ասիական զարգացման հեռանկարի (ԱԶՀ) 2023 թվականի սեպտեմբերյան թողարկման համաձայն իրենից ներկայացնում է վերանայում նախորդ 4.8% կանխատեսումից՝ դեպի աննշան նվազեցում։ Հաջորդ  տարվա համար աճի կանխատեսումը պահպանվել է 4.8%-ի չափով։     
Սույն տարվա առաջին կիսամյակին տարածաշրջանում աճը եղել է լավատեսական` պայմանավորված առողջ ներքին պահանջարկով և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության (ՉԺՀ) սահմանների վերաբացումով, չնայած նրան, որ թուլացած համաշխարհային հեռանկարները նվազեցրել էին արտահանման նկատմամբ պահանջարկը։ Վերականգնվող զբոսաշրջությունը, ծառայությունների ճկուն և դիմակայուն ոլորտները, այս տարածաշրջան ուղղվող առողջ դրամական փոխանցումները և բարելավվող ֆինանսական պայմանները լիովին օգնում են տնտեսական գործունեությանն աջակցելուն, իսկ ինչ վերաբերում է գնաճին, ապա այն գրեթե բոլոր երկրներում թուլանում է նախորդ տարվա պիկին հասնելուց հետո։  

Այնուհանդերձ, ՉԺՀ-ի անշարժ գույքի ոլորտի թուլացածությունը ծանր բեռ է տարածաշրջանային հեռանկարների համար։ Համաշխարհային բարձր տոկոսադրույքները մեծացրել են ֆինանսական անկայունության վտանգը։ Մատակարարումների սակավադեպ խաթարումները, որոնք պայմանավորված են Ռուսաստանի՝ Ուկրաինա կատարած ներխուժումով, արտահանումների սահմանափակումները, էլ Նինյու երևույթի պատճառով երաշտների և ջրհեղեղների ավելացող վտանգները կարող է հերթական անգամ խթանել սննդամթերքի գների բարձրացումը և մարտահրավեր նետել պարենային անվտանգությանը։ 

«Զարգացող Ասիան շարունակում է հաստատուն քայլերով արձանագրել իր աճը, իսկ գնաճային ճնշումները նահանջում են», նշել է ԱԶԲ-ի գլխավոր տնտեսագետ Ալբերտ Փարկը։ «Տարածաշրջանի որոշ կենտրոնական բանկեր սկսել են նվազեցնել տոկոսադրույքները, ինչը կօգնի խթանել աճը։ Բայց և այնպես, կառավարությունները պետք է աչալուրջ լինեն այն բազմաթիվ վտանգների նկատմամբ, որոնց բախվում է այս տարածաշրջանը։ ՉԺՀ-ում անշարժ գույքի շուկայի թույլ լինելը շարունակում մնալ մտահոգիչ։ Կլիմայի փոփոխությամբ և Էլ Նինոյի ազդեցություններով պայմանավորված արտակարգ եղանակային երևույթները մեզ հիշեցնում են, որ երկրները պարտավոր են աշխատել իրար հետ՝ դիմակայունություն ձևավորելու և ամենախոցելիներին պաշտպանելու նպատակով»։ 
  
Ակնկալվում է, որ զարգացող Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում գնաճը այս տարի կկազմի 3.6%, ինչը զիջում է ավելի վաղ կատարված 4.2% կանխատեսմանը։ Սա մեծապես պայմանավորված է ՉԺՀ-ի ցածր գնաճով, ինչպես նաև՝ սննդամթերքի և էլեկտրաէներգիայի գների կայունացմամբ։ Հաջորդ տարվա համար գնաճի կանխատեսումը կազմում է 3.5%։ 

Զարգացող Ասիայի ենթաշրջաններում Հարավ-Արևելյան Ասիայի աճի հեռանկարներն այս տարի նվազել են՝ ավելի վաղ կատարված 4.7% կանխատեսումից մինչև 4.6%-ը, ինչը պայմանավորված է արտահանման նկատմամբ ավելի փոքր պահանջարկով։ Հարավային Ասիայի համար արված կանխատեսումը նույնպես նվազեցվել է 0.1 տոկոսային կետով, այն հասցնելով 5.4%-ի, թեև այն շարունակում է մնալ ամենաարագ աճող ենթաշրջանը ի շնորհիվ ուժեղ ներդրումների և սպառման։ Արևելյալ Ասիայի համար հեռանկարը 4.6%-ից կրճատվել է 4.4%-ի, ինչի պարագայում այսօրվա դրությամբ ակնկալվում է, որ ՉԺՀ-ն այս տարի կունենա 4.9% աճ՝ ապրիլ ամսվա 5.0%-ի փոխարեն։ Աճի կանխատեսումները բարձրացվել են Կովկասի ու Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի համար։

ԱԶԲ-ն հանձնառու է Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում հասնել բարգավաճման, ներառականության, դիմակայունության և կայունության` միաժամանակ հետևողական ջանքեր գործադրելով ծայրահեղ աղքատության վերացման ուղղությամբ: ԱԶԲ-ն հիմնադրվել է 1966 թվականին, այն ունի 68 անդամ երկրներ, որոնցից 49-ը՝ այդ տարածաշրջանից։

Media Contact