ՀՈՆԿՈՆԳ, ՉԻՆԱՍՏԱՆ (Ապրիլ 11, 2018թ.ը) Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) նոր զեկույցում նշվում է, որ տեխնոլոգիական առաջընթացը փոխակերպել է Ասիայի՝ երկու միլիարդ աշխատող ունեցող աշխատաշուկան՝ վերջին 25 տարիների ընթացքում արտադրության և ծառայությունների ոլորտներում ստեղծելով տարեկան 30 միլիոն աշխատատեղ, նպաստելով արտադրողականության և աշխատավարձի բարձրացմանը և նվազեցնելով աղքատությունը:
Նոր հետազոտությունը, որն ուսումնասիրում է, թե ինչպես է տեխնոլոգիան ազդում աշխատանքի վրա, Ասիայի զարգացման հեռանկարներ (ԱԶՀ) 2018թ.-ի զեկույցում հատուկ թեմա է, նշում է, որ, թեև տարածաշրջանում որոշ աշխատանքներ ավտոմատացման արդյունքում կվերանան, հակակշիռ ուժերն ավելին քան կփոխհատուցեն աշխատատեղերի կորուստը: ԱԶՀ-ն ԱԶԲ-ի գլխավոր տնտեսական հրատարակությունն է:
«ԱԶԲ-ի վերջին հետազոտությունը ցույց է տալիս, որ ընդհանուր առմամբ ասիական երկրներում վիճակը կբարելավվի աշխատավայրերում նոր տեխնոլոգիաների ներդրման արդյունքում՝ բարձրացնելով արտադրողականությունը, նվազեցնելով արտադրական ծախսերը և մեծացնելով պահանջարկը», - ասել է ԱԶԲ-ի գլխավոր տնտեսագետ Յասույուկի Սավադան: «Որպեսզի բոլորը կարողանան օգտվել նոր տեխնոլոգիաներից, քաղաքական որոշումներ կայացնողները պետք է իրականացնեն ամբողջ կյանքի ընթացքում ուսմանը նպաստող կրթական բարեփոխումներ, պահպանեն աշխատաշուկայի ճկունությունը, հզորացնեն սոցիալական պաշտպանության համակարգերը և նվազեցնեն եկամուտների անհավասարությունը»:
ԱԶԲ-ի հետազոտությունը ցույց է տալիս, որ ռոբոտաշինության և արհեստական ինտելեկտի ոլորտներում առաջընթացի պայմաններում անգամ կան լավատես լինելու պատճառներ՝ տարածաշրջանում աշխատանքային հեռանկարների վերաբերյալ: Նոր տեխնոլոգիաները հաճախ ավտոմատացնում են միայն աշխատանքի որոշ ասպեկտները և ոչ թե աշխատանքն ամբողջությամբ: Ավելին, աշխատանքի ավտոմատացումը առաջ է ընթանում միայն այն դեպքում, երբ դա տեխնիկապես և տնտեսապես արդարացված է:
Գուցե ամենակարևորն այն է, որ աճող պահանջարկը (որն, ըստ էության, նոր տեխնոլոգիաների շնորհիվ ձեռք բերված բարձր արտադրողականության արդյունք է) նպաստում է աշխատանքի՝ ավտոմատացմամբ պայմանավորված տեղաշարժին և նոր մասնագիտությունների ստեղծմանը: ԱԶԲ-ի վերլուծությունը, որն ուսումնասիրել է զարգացող Ասիայի 12 տնտեսություններում տեղի ունեցած փոփոխությունները զբաղվածության ոլորտում 2005-2015 թվականների ընթացքում, մեծապես հաստատում է այն գաղափարը, որ աճող ներքին պահանջարկը ավելի քան փոխհատուցում է աշխատատեղերի՝ տեխնոլոգիական առաջընթացով պայմանավորված կորուստները: Բացի այդ, տվյալների լայն շրջանակի վերլուծությունը ցույց է տալիս, որ աշխատանքի բազմաթիվ նոր տեսակներ են ստեղծվել ՏՀՏ ոլորտում և դեռ կստեղծվեն ինչպես առողջապահության և կրթության, այնպես էլ ֆինանսների, ապահովագրության և անշարժ գույքի ոլորտներում:
Զեկույցում նշվում է, որ ռոբոտաշինության և արհեստական ինտելեկտի ոլորտներում առաջընթացը մարտահրավերներ է նետում աշխատողներին: Այն աշխատանքները, որոնք պահանջում են կրկնվող, միապաղաղ առաջադրանքների կատարում, և այն աշխատողները, ովքեր չունեն այն կրթությունը կամ վերապատրաստումը, որն իրենց թույլ կտա հեշտությամբ անցնել այլ աշխատանքի, հավանաբար, աշխատավարձի դանդաղ աճ կգրանցեն: Դա կնպաստի տարածաշրջանում եկամուտների անհավասարության աճին: ԱԶԲ-ի զեկույցը եզրակացնում է, որ այն աշխատանքների թիվը, որտեղ ինտենսիվ ճանաչողական խնդիրներ են լուծվում, որտեղ կան սոցիալական փոխազդեցություններ և օգտագործվում են ՏՀՏ-ներ, այսինքն, որտեղ զբաղված են կրթության ավելի բարձր մակարդակով և ավելի լավ վարձատրվող մարդիկ, աճել է 2.6 տոկոսային միավորով ավելի արագ, քան վերջին 10 տարիների ընթացքում ընդհանուր տարեկան զբաղվածության ցուցանիշը: Ավելին՝ այդ աշխատանքի համար միջին իրական աշխատավարձը աճել է երկու անգամ ավելի արագ, քան այլ աշխատանքների դեպքում:
Ինչպես նշում է զեկույցը, քաղաքական որոշումներ կայացնողները պետք է ակտիվ լինեն, եթե ցանկանում են, որ նոր տեխնոլոգիաների առավելությունները լայնորեն տարածվեն աշխատողների և հասարակության շրջանում: Կառավարությունները պետք է արձագանքեն աշխատողների ետ մնալու վտանգին և ապահովեն, որ աշխատողները պաշտպանված լինեն նոր տեխնոլոգիաների հետ կապված բացասական ազդեցություններից և կարողանան օգտվել նոր հնարավորություններից: Սա կպահանջի համակարգված գործողություններ հմտությունների զարգացման, աշխատանքի կարգավորման, սոցիալական պաշտպանության և եկամուտների վերաբաշխման ոլորտներում:
Հատկանշական է, որ նոր տեխնոլոգիաները կարող են օգնել լուծումներ գտնել այդ ոլորտներից շատերում: Ադապտիվ ուսուցման տեխնոլոգիան կրթական մեթոդ է, որն օգտագործում է յուրաքանչյուր աշակերտին հարմարեցվող համակարգչային ալգորիթմներ, և դրա օգնությամբ բարելավվել են դպրոցներում ուսումնառության արդյունքները, ուստի կառավարությունները պետք է օգտագործեն և խթանեն դրանց ներմուծումը: Կենսաչափական նույնականացման որոլտում տեխնոլոգիական առաջընթացը կարող է բարելավել սոցիալական պաշտպանության ծրագրերի իրականացումը՝ կրճատելով ծախսերը, հաղթահարելով իրականացման մարտահրավերները գործազրկության նպաստների բարդ համակարգում և հնարավորություն ընձեռելով հետևելու աշխատանքի տեղավորման ծառայությունների գործընթացին: Միևնույն ժամանակ, կառավարությունները պետք է ապահովեն, որ նոր տեխնոլոգիաների զարգացումը տեղի կունենա այնպիսի եղանակներով, որոնք օգուտ կբերեն մարդկանց և կպաշտպանեն նրանց իրավունքներն ու գաղտնիությունը, օրինակ՝ անձնական տվյալները պաշտպանելու միջոցով:
ԱԶԲ-ն, որը տեղակայված է Մանիլայում, նպատակ ունի նվազեցնել աղքատությունը Ասիայում և խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում` ներառական տնտեսական աճի, շրջակա միջավայրի պահպանմանը նպաստող կայուն աճի և տարածաշրջանային ինտեգրման միջոցով: ԱԶԲ-ն հիմնադրվել է 1966 թվականին և պատկանում է 67 անդամների, որոնցից 48-ն այս տարածաշրջանից են: