ՏՈԿԻՈ, ՃԱՊՈՆԻԱ (2019թ. սեպտեմբերի 25). Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) կողմից այսօր թողարկված 2019թ. Ասիական զարգացման հեռանկարների (ԱԶՀ) զեկույցի թարմացված տարբերակի թեմատիկ գլխի համաձայն՝ զարգացող Ասիայի բարգավաճող քաղաքներին պետք են տարածքային և տնտեսական արդյունավետ ու համակարգված պլանավորմամբ ապահովված արդյունավետ տրանսպորտային ցանցեր և մատչելի բնակարանաշինություն, որպեսզի դրանք շարունակեն մնալ որպես շարժիչ ուժ տնտեսական աճի և աշխատատեղերի ստեղծման համար:

«Ասիայի քաղաքներն իրենց էական նպաստն են բերել տնտեսական աճի, աշխատատեղերի ստեղծման և նորարարության գործում, սակայն սա կանխորոշված եզրակացություն չէ հետագա տասնամյակների համար», - ասաց ԱԶԲ-ի գլխավոր տնտեսագետ պրն. Յասույուկի Սավադան: «Թույլ ենթակառուցվածքները, գերբեռնվածությունը, բնակարանաշինությունը և կրթությունն ու առողջապահությունն ուշադրության կենտրոնում պահելն ունի կարևորագույն նշանակություն, եթե ուզում ենք, որ այդ քաղաքները և այն երկրները, որտեղ դրանք գտնվում են, շարունակեն իրենց դինամիկ զարգացումը»:

Զարգացող Ասիայի քաղաքային բնակչության թիվն ավելացել է հինգ անգամ` 1970թ. 375 միլիոնից 2017թ. հասնելով 1.84 միլիարդի: Ակնկալվում է, որ մինչև 2050 թվականը բնակչության թիվը կհասնի 3 միլիարդի կամ այդ տարածաշրջանի բնակչության 64%-ին: Քաղաքներն աճում են նաև աշխարհագրորեն՝ երբեմն դուրս գալով նախապես որոշված վարչական սահմաններից և միավորվելով շրջակա տարածքներին՝ քաղաքային կլաստերներ ձևավորելու նպատակով:

Երկրից երկիր քաղաքների սահմանումները տարբեր ձևերով են տրվում: Օգտագործելով գիշերաժամի արբանյակային պատկերները և բնակչության ցանցային տվյալները, որոնցով կարելի է գնահատել, թե որտեղ են մարդիկ փաստացի ապրում և աշխատում`ԱԶԲ-ը հաշվարկել է, որ 2016 թվականին զարգացող Ասիան ունեցել է թվով 1,459 այսպես կոչված «բնական քաղաքներ»: Գնահատման համաձայն այդ բնական քաղաքներում բնակվում է զարգացող Ասիայի բնակչության 34.7%-ը՝ իր ցամաքային տարածքի 2.3%-ի վրա: Չինաստաի Ժողովրդական Հանրապետությունում (ՉԺՀ) դրանց թիվն ամենամեծն է՝ 680 բնական քաղաք, որին հաջորդում է Հնդկաստանը՝ 320, Ինդոնեզիան` 93 և Պակիստանը՝ 63 բնական քաղաքներով: Միասին վերցված՝ այդ չորս երկրներին բաժին է ընկնում զարգացող Ասիայի բնական քաղաքների մոտավորապես 80%-ը:

Ժամանակի ընթացքում բնական քաղաքներից շատերն աճելով փոխկապակցվել են և 2016թ. ձևավորել 124 քաղաքային կլաստերներ, որոնցից 28-ը դարձել է բնակատեղի ավելի քան 10 միլիոն մարդու համար: Դրանցից 8-ը գտնվում են ՉԺՀ-ում, 7-ը` Հնդկաստանում, 3-ը՝ Ինդոնեզիայում,  2-ական՝ Կորեայի Հանրապետությունում և Վիետնամում, և 1-ական՝ Բանգլադեշում, Մալազիայում, Պակիստանում, Ֆիլիպիններում,  Չինական Թայբեյում և Թայլանդում: Ամենամեծ քաղաքային կլաստերը շրջապատում է Շանհայը քաղաքը ՉԺՀ-ում՝ իրար միավորելով նահանգային 4 վարչական շրջաններին պատկանող 53 բնական քաղաքներ:

Որպեսզի քաղաքները գործեն որպես աշխատատեղերի ստեղծման աշխույժ շուկաներ, դրանց պետք է մատչելի և արդյունավետ հանրային տրանսպորտ, որը կմիավորի գնացքների, ավտոբուսների նույնընթաց երթուղիները և ավելի շատ ոչ ֆորմալ ծառայություններ, ինչպիսիք են բավականին լավ կարգավորված ջիփնի երթուղային տաքսիները և մոտոռիկշաները: Սա կնվազեցնի գերբեռնվածությունը, ինչն արդեն իսկ գերիշխում է մի շարք քաղաքներում, ինչպիսիք են Մանիլան` Ֆիլիպինները, Կուալա Լումպուրը, Մալազիան, և Մյանմայի Յանգոն  քաղաքը: Կառավարությունները պետք է ապահովեն բավարար տարածքների մատչելիություն ողջամիտ գներով տներ, հարակից հասարակական ենթակառուցվածքներ և հասարակական տրանսպորտային ցանցեր կառուցելու համար: Զեկույցում ուսումնասիրվել են 27 երկրների 211 քաղաքներ  և պարզվել է, որ դրանց 90%-ը տուժում է տների գներից, որոնք բավականին անմատչելի են միջին եկամուտ ունեցող տնային տնտեսությունների համար:  

Պետք է գործի երկարաժամկետ տարածքային և տնտեսական պլանավորում և դրանց համակարգում խոշոր քաղաքների ողջ տարածքում և տեղական ինքնակառավարման մարմինների ստորաբաժանումներում՝ հաշվի առնելով ուրբանիզացման արագությունը և քաղաքների՝ կլաստերների վերածվելու միտումը:

ԱԶԲ-ը հանձնառու է իրականություն դարձնել բարգավաճ, ներառական, դիմակայուն և կայուն Ասիա և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանը՝ միաժամանակ չդադարեցնելով ծայրահեղ աղքատության վերացմանն ուղղված սեփական ջանքերը: 2018թ. այն ստանձնել է  21.6  միլիարդ դոլարի չափով վարկերի և դրամաշնորհների հանձնառությունները: Հիմնադրվելով 1966 թվականին՝ այն ունի 68 անդամ երկրներ, որոնցից 49-ը գտնվում են այդ տարածաշրջանում:

Media Contact