ՄԱՆԻԼԱ, ՖԻԼԻՊԻՆՆԵՐ (25-ը ապրիլի 2022թ.) — Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) 2021 թ. սեփական միջոցներից 22.8 միլիարդ դոլար է հատկացրել Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանին` կորոնավիրուսային համավարակի անմիջական հետևանքները չեզոքացնելու և կանաչ ճանապարհով տնտեսության վերականգնումը խթանելու գործընթացում օգնելու համար:
Ֆինանսական և ծրագրային արդյունքները հրապարակվել են այսօր` ԱԶԲ-ի 2021թ. տարեկան հաշվետվությունում, որն ամփոփում է, թե ԱԶԲ-ն ինչպես է սատարել զարգացող անդամ երկրներին (ԶԱԵ)` ֆինանսավորման, գիտելիքի տրամադրման և գործընկերային հարաբերությունների միջոցով:
«ԱԶԲ-ն համոզված է, որ համավարակի հետևանքները չեզոքացնելը և տևական զարգացմանն օժանդակելը փոխբացառող չեն»,- նշել է ԱԶԲ նախահագ Մասածուգու Ասակավան: «Մեր հիմնավոր արձագանքը Քովիդ 19-ին հիմքեր է ստեղծել ներառական, դիմակայուն և կանաչ վերականգնման համար` երաշխավորելով առաջընթացը մեր 2030թ. ռազմավարության նպատակների ուղղությամբ»:
2021թ. հատկացված 22.8 միլիարդ դոլարը ներառում է ինչպես վարկեր ու երաշխիքներ, այնպես էլ դրամաշնորհներ, բաժնեմասային ներդրումներ, տեխնիկական օժանդակության կառավարությանն ու մասնավոր հատվածին: Բացի այդ, ԱԶԲ-ն 12.9 միլիարդ դոլար համաֆինանսավորում է մոբիլիզացրել:
2021 թ. ԱԶԲ հանձնառություններից 13.5 միլիոն դոլարը կամ 59%-ն ուղղված է եղել համավարակի հետևանքների չեզոքացմանը, թեև այդ ծրագրերից շատերը, օրինակ` առողջապահության ոլորտի հզորացումը, տարածաշրջանին կօգնեն նաև համավարակի ավարտից հետո տևական ժամանակ:
Բանկի` համավարակի հետևանքների չեզոքացմանն ուղղված աջակցության փաթեթը ներառում է 4.9 միլիարդ դոլարի չափով արագ մասհանման ենթակա ֆինանսավորում կառավարությունների համար կառուցվածքային բարեփոխումներին օժանդակելու և պարտքի կայունության խնդիրը հասցեագրելու նպատակով: Ֆինանսավորման փաթեթը ներառում է նաև 4.6 միլիարդ դոլարի քաղաքականության վրա հիմնված վարկավորում և 250 միլիոն դոլար` կորոնավիրուսային համավարակի հետևանքների չեզոքացման ծրագրի շրջանակներում:
Համավարակի հետևանքների չեզոքացման ծրագրերի շրջանակներում ԱԶԲ-ն 4.1 միլիարդ դոլար է հատկացրել ԶԱԵ-ների համար անվտանգ ու արդյունավետ պատվաստանյութ ձեռք բերելու և մատակարարելու համար: Բանկը նաև 3.3 միլիարդ դոլար է տրամադրել մասնավոր հատվածին, որպեսզի վերջիններս չփակեն իրենց բիզնեսները, շարունակեն առևտուրը և առաջարկեն բժշկական ապրանքներ ու ծառայություններ: Կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման ու վերականգնման ծրագրերն ուղեկցվել են գիտելիքների տրամադրման լայն շրջանակով:
ԱԶԲ-ի 2021 թվականի ծրագրերի կարևոր ուղղությունը շարունակում էր մնալ երկարաժամկետ զարգացման մարտահրավերների լուծումը, օրինակ՝ կլիմայի փոփոխությունը:
«Կլիմայի փոփոխության դեմ պայքարը հաղթելու կամ պարտվելու է Ասիայում և Խաղաղ օվկիանոսում: Հաջողության հասնելու համար մեր տարածաշրջանը պետք է արագացնի անցումը դեպի ցածր ածխածնային ապագայի», - նշել է պարոն Ասակավան:
Մինչև 2030 թվականը կլիմայի փոփոխության դեմ պայքարին ուղղված ընդհանուր ֆինանսավորման ծավալները 100 միլիարդ դոլարի հասցնելու այս նոր հավակնոտ նպատակին հասնելու համար բանկը հայտարարել է ֆինանսավորման մի շարք նախաձեռնություններ, որոնք կխթանեն տարածաշրջանի ցածր ածխածնային զարգացումը: Օրինակ` ԱԶԲ-ն մեկնարկել է Էներգետիկ ոլորտի անցումային մեխանիզմ, որի շրջանակներում մասնավոր և պետական ներդրումներով կֆինանսավորվեն ածխով աշխատող էներգետիկ գույքի վաղաժամ դուրս բերումը շահագործումից, մաքուր և վերականգնվող էներգետիկայի մասշտաբային լուծումները, և կապահովվի անցման արդարությունն ու ֆինանսական մատչելիությունը:
2021 թ. ԱԶԲ բոլոր հատկացումները պարունակում են կանանց և աղջիկներին օժանդակող տարրեր: Բանկը նաև զգալիորեն ավելացրեց ջանքերը, որպեսզի կառավարություններին օգնի մոբիլիզացնել ներքին ֆինանսական ռեսուրսներ, որոնք այնքան անհրաժեշտ են կայուն աճի համար. դա իրականացվել է նաև Ասիա-Խաղաղօվկիանոսյան հարկային հանգույքի մեկնարկի միջոցով, որը տարածաշրջանում հարկերի և հարակից բարեփոխումների օժանդակության մեխանիզմ է:
2021 թ. ԱԶԲ հատկացումները ֆինանսավորվել են մինչ այժմ բանկի ունեցած երկրորդ ամենամեծ վարկային ծրագրի շրջանակներում, որը 35.8 միլիարդ դոլար է ձևավորել կապիտալի շուկաների միջոցով: ԱԶԲ-ն ռեկորդային ծավալի թեմատիկ պարտատոմսեր է իրացրել անցած տարի և թողարկել է կրթական պարտատոմսեր ու առաջին անգամ` կապույտ պարտատոմսեր օվկիանոսի առողջության համար:
Տարեկան հաշվետվության մեջ մանրամասնված են մի շարք ներքին ընթացիկ բարեփոխումներ, որպեսզի ԱԶԲ-ն ունենա ճիշտ հմտություններ, մշակույթ, կառուցվածքն ու գործիքներ` իր առաքելությունն իրականություն դարձնելու համար:
ԱԶԲ-ի 2021թ. տարեկան հաշվետվությունն ամբողջությամբ թվային է և հասանելի է նաև ընթեռնելի բջջային ձևաչափով ու պարունակում է հարուստ մուլտիմեդիա նյութեր: Տե՛ս www.adb.org/ar2021/digital:
ԱԶԲ-ն հանձնառու է Ասիայում և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում հասնել բարգավաճման, ներառականության, դիմակայունության և կայունության` միաժամանակ հետևողական ջանքեր գործադրելով ծայրահեղ աղքատության վերացման ուղղությամբ: ԱԶԲ-ն հիմնադրվել է 1966 թվականին, պատկանում է 68 անդամների, որոնցից 49-ը տարածաշրջանից են: